Հարցազրույց կիթառահար Վարդան Գասպարյանի հետ
Հարցազրույցը` Հյուսնունց Շուշան

vardan gitarist
Մայիսի 3ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ կիթառահար Վարդան Գասպարյանի և նրա կազմած անսամբլի համերգը: Խմբի կազմի մեջ են մտնում Վարդան Գաբոյանը (ակուստիկ կիթառ), Սերգեյ Միսակյանը (բաս-կիթառ): Համերգին մասնակցեցին նաև երգչուհի Լուսինե Կչոզյանը և Ալբերտ Հովհաննիսյանը(հարվածայիններ): Ծրագիրը բավական ծավալուն էր և ընդգրկուն. նրանում ներառված էին Վարդան Գասպարյանի, Վարդան Գաբոյանի ստեղծագործությունները, ջազային ստանդարտներ, ժողովրդական մշակումներ: Այս ամենը երաժիշտները ունկնդրին ներկայացրին ներդաշնակ և տրամաբանական համադրության մեջ: Տպավորված լինելով համերգից, խնդրեցի Վարդան Գասպարյանին մի փոքր պատմել խմբի, երաժիշտների և իր մասին:

Վարդան-այս երաժիշտների հետ ես համագործակցում են շատ վաղուց, դեռևս 90-ականներից սկսած: Սկզբում մենք պարզապես գոյատևելու համար էինք նվագում` մեծ մասամբ Gipsy jazz ժանրում , որը ես շատ գնահատում եմ, բայց ինձ ամենահարազատը չէ: Հետո որոշեցինք այդ ամենին ինչ-որ կոնկրետ ուղղություն տալ, և այն ձևաչափով, որով հանդես եկանք այս համերգին, վերջին երկու տարին ենք աշխատում:

Ի՞նչպես եք Դուք եկել դեպի երաժշտություն, ի¨նչ խմբերի հետ եք համագործակցել:
Վարդան- Կիթառի առաջին դասերը ստացել եմ հորիցս,հետո` կիթառահար Վարդան Վարդանյանից, այնուհետև շարունակել եմ ինքնուրույն սովորել: Հետագայում ծանոթացել եմ կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի հետ, ով ինձ բերեց դեպի դասական երաժշտություն, օգնեց դասական կիթառի տիրապետման հարցում: Բացի մեր կիթառային անսամբլից, ես համագործակցել եմ “Արմադամ” խմբի հետ, իսկ ներկայումս նվագում եմ նաև “Օxenham” –ում: Այնտեղ ես նվագում եմ խմբի ստեղծման օրվանից, այդ ընթացքում շատ բան եմ սովորել և մշտապես շնորհակալ եմ նրան:

Ձեր ձևավորման ընթացքում ո°ր երաժիշտների արվեստն է ազդել ձեր վրա:
Վարդան-Կիթառահարներից ամենաուժեղ ներգործությունն իմ վրա թողել է Ջոն Մակլաֆլինը, որի մոտեցումը շատ հարազատ է ինձ, այնուհետև` Պակո դե Լյուսիան: Վաղ տարիքում շատ եմ տպավորվել Վլադիմիր Վիսոցկու արվեստից: Առհասարակ ինձ վրա մեծ ազդեցություն է թողնում Չեխովի և Տարկովսկու արվեստը, որում ես նույնպես երաժշտություն եմ գտնում: Անկեղծ ասած, վերջերս այդքան շատ երաժշտություն այլևս չեմ լսում. դա երբեմն խանգարում է ստեղծագործական պրոցեսին:

-Ինչպիսի դեր ունի ստեղծագործելը Ձեր` կատարողի կյանքում:
Վարդան- Ստեղծագործելը մարդու մեջ ի սկզբանէ դրված կարղություն է, որը նաև իր հետ պատասխանատվության զգացում է բերում: Ես ոչ մի դեր չեմ գտնի իմ համար երաժշտության մեջ, եթե չստեղծագործեմ:

-Համերգին ձեր խումբը ներկայացավ տարբեր ժանրի գործերով` ջիպսի ջազ, ջազ, ֆյուժն..... Սրանցից որին է ավելի մոտ այն երաժշտությունը, որը Դուք եք ստեղծում: Վարդան-Ես չեմ սահմանափակում ինձ “ժանր” հասկացությամբ, դա 20րդ դարի հիվանդություն է: Պարզապես ուզում եմ այն պոեզիան, որ զգում եմ, արտահայտել երաժշտությամբ: Այն ինչ կոնկրետ հիմա եմ գրում, ավելի մոտ է ռոքին, չնայած վերջերս հասկացել եմ, որ այդ բառի հետ պետք է զգույշ վարվել. ռոքն այսօր Հայաստանում շատ է արժեզրկվել: Ես էլ եմ ռոք գրում, բայց իմ ռոքը բացարձակ ուրիշ է: Իմ ստեղծած երաժշտության մեջ արտահայտվում է նաև այն ամենը, ինչ ես տարիների ընթացքում լսել եմ:

-Ձեր համերգային ծրագիրը առանձնանում է մեծ բազմազանությամբ. Ի՞նչ սկզբունքով եք ընտրում ստեղծագործությունները:
Վարդան-Իհարկե, նախօրոք կազմում ենք ծրագիրը, հստակեցնում հերթականությունը, բայց շատ բան էլ հենց համերգի ժամանակ է որոշվում, գուցե՝ մթնոլորտին համապատասխան: Այդ բազմազանությունն էլ գալիս է նրանից, որ հոգևորը, ինտելեկտուալն ու կենցաղայինը երբեք չեն անջատվում միմյանցից՝ նույնիսկ երաժշտության մեջ:

-Ինչպիսի՞ ստեղծագործական նպատակներ ունեք ապագայի համար:
Վարդան- Ներկայումս մոտ չորս ձայնասկավառակի նյութ ունեմ գրված:Առաջնային նպատակն է` թողարկել CD, որի մեջ ներառված են լինելու կիթառային մենանվագ և անսամբլային ստեղծագործություններ: Պատրաստվում ենք աշնանը ևս մեկ համերգ ունենալ, և մեր համերգային գործունեությունը ծավալել նաև Հայաստանից դուրս:
Նաև ունեմ երազանք` հիմնել Հայաստանում կիթառի դպրոց, որտեղ դասավանդվի ոչ միայն փայլուն տեխնիկա և արագ նվագելու կարողություն, այլև ներարկվի հատուկ երաժշտական մտածողություն:
Այդ ամենի համար, իհարկե, պահանջվում են ֆինանսներ, հսկա կազմակերպչական աշխատանք: Բայց ես չեմ ուզում մեր արվեստը իջեցնել կոմերցիայի մակարդակին. իմ նպատակը` կոմերցիոն դաշտը դեպի բարձր երաժշտական արվեստ բարձրացնելն է:

Ցանկանանք Վարդանին և նրա խմբին հաջողություն` իրենց ստեղծագործական նպատակները իրագործելու համար:

Հարցազրույցը վարեց Հյուսնունց Շուշանը

Այլ

Ирина АБРОЯН - Республика Армения
Ակնարկ երկրպագուից - Արթուր Աթայան
Ирина АБРОЯН - Республика Армения
Ирина АБРОЯН - Республика Армения
Աննա Գևորգյան - "Անկախ" շաբաթաթերթ
Ակնարկ` Զառա Գևորգյան/VIBROGRAPHUS
Էջեր՝ 1  |  2
ԴՈԳՄԱ՝ համերգ ԻնՌոք ակումբում
Երկար ընդմիջումից հետո Դոգման համերգով հանդես կգա InRock ակումբում(Իսահակjան 38 /Կասկադ)

Մայիսի 31-ին, 19:30

Տեղեկությունների և տեղեր պատվիրելու համար զանգահարել 094 38 13 40