URIAH HEEP - Ոտքի կանգնեցին ջահելից ահել!!!
Ակնարկ` Զառա Գևորգյան/VIBROGRAPHUS

Ստորագրության ու լուսանկարվելու համար շտապող ֆաները ճիչերով շրջապատեցին իրենց կուռքերին, վերջիններս, համերգից հետո հանգստանալու նպատակով տվյալ վայրը եկած լինելով հանդերձ, սկսեցին կրկին լայն ժպիտով ստորագրություններ բաժանել ու լուսանկարահանվել: Ուրախությունից գլուխները կորցրած ֆաներից մի երկու հարված էլ ես ստացա գլխիս, երբ ամեն կերպ փորձում էին ձեռքները մեկնել կողքս նստած Բեռնիին` Uriah Heep-ի վոկալիստին:
- Այս ամենին իրո՞ք տոլերանտ եք վերաբերվում, - չդիմացա ու հարցրեցի նրան:
- Այլ կերպ չեմ կարող: Այս մարդիկ շատ են սպասել, ես չեմ կարող չստորագրել նրանց համար, եթե անգամ երբեմն չեմ դիմանում, սպասում եմ, թե երբ է վերջանալու, այդուհանդերձ ես հասկանում եմ, որ ինձանից մեծ բան չի պահանջվում, իսկ նրանց համար դա ամեն ինչ է: Նրանք այնքան երկար են սպասել:

Երկաթե վարագույրի ծանրությունը ականջներին զգացած ու մինչև այդ պահը նոստալգիայով ապրող «նախկին խորհրդայինները» կերազեի՞ն երբևէ, որ իրենց «կանաչ» տարիների «արգելված» հերոսներին կլսեին ոչ միայն վինիլե դիսկերով, այլև կտեսնեին կենդանի` իրենցից հինգ մետր հեռավորության վրա, կամ էլ, ինչու՞ հինգ, հենց իրենց կողքին` ձեռքները նրանց ուսերին: «Դուք չգիտեք, բայց դուք մեր 40 տարվա ընկերներն եք»` կրկնում էր հայ նախկին թմբկահարներից մեկը: Իսկ նրանք իրենց փայլին հավասար համեստությամբ ու մարդասիրությամբ շարունակում էին ժպտալ, կատակել, լուսանկարահանվել հարյուրերորդ, հազարերորդ անգամ և ստորագրել ֆաների համար:

Համերգի մասին չեմ կարող պատմել, չհասկացա` ինչ տեղի ունեցավ, ոնց սկսվեց, ոնց վերջացավ: Հիշում եմ որ բռնեցի կիթառի հնչյուններից մեկը, որ Միք Բոքսը մի ձեռքով ստեղծում էր, մյուսով դահլիճ նետում (համերգից հետո ասաց. «Տեսար քեզ նետեցի ու ձեռքով արեցի», փաստորեն` չէր թվացել` հենց ինձ էր ձեռքով անում կիթառը զրնգացնելու արանքում): Հիշում եմ, որ ուշադիր նայում էի Ֆիլ Լանզոնին, երբ շատ առաքինի կեցվածքով աշխատեցնում էր «Համոնդ» երգեհոնը (“Պատկերացրու ես լուսնից եմ եկել ու այս տարածաշրջանի երաժշտությանը ծանոթ չեմ” - Կոմիտասի դիսկ էր գնել, չէր հասցրել լսել, կարդացել էր նոտաները, ու դուրը շատ էր եկել. այժմ արդեն ծանոթ է): Բաս կիթառահարին բնորոշ բնավորությամբ, սակավախոս ու զուսպ էր Թրևոր Բոլդերը` ազնիվ մնացած իր սիրելի բաս կիթառին, որը եթե լեզու ունենար, երևի թե բողոքեր, բայց` թեկուզև ներկաթափ ու հալումաշ եղած, դեռևս նույնպիսի նվիրվածությամբ թավ երգում էր իր տիրոջ հուժկու մատների հարվածների տակ: Հիշում եմ, որ ապշած նայում էի թմբկահար Ռասել Գիլբրուքին, ով ամենայն ուժով, դռայվով ու կոնկրետությամբ “մորթում էր” հարվածային գործիքները: Վերջում էլ դահլիճ նետեց ձեռքի փայտիկները ու մեկն ուղիղ իմ ձեռքերի մեջ ընկավ: (Երբ տեսավ փայտիկը ձեռքիս շատ զարմացավ` «Սա որտեղի՞ց քեզ», ասացի, որ մարդիկ ասում են, թե մենք պայմանավորվել էինք, որ ինձ նետեր փայտիկը, ասաց. «Թող էդպես էլ իմանան»): Իսկ Բեռնի Շոուն գրավեց իր վարակիչ դրական էներգիայով, արտիստիկ ու կտրուկ շարժուձևով և UH-ին հատուկ մեղեդային ու «սպանիչ» ֆալցետներով: (Էդպես էլ ասացի իրեն, որ ֆալցետները «սպանիչ» են, ինձ համար հատուկ դեմոնստրացիա արեց ու հաստատեց` «Ահա, իմ ֆալցետները շատ լավն են»):

Համերգին UH-ը իր ամբողջ էներգիայով ոտքի կանգնեցրեց աթոռին սովոր, աթոռին կպած հանդիսականին, ու կանգնած պարելը, նրանց հետ միասին երգելը, գոռալը, «տժժալը» կորցրեց միայն ջահելինը լինելու պիտակը` դարձավ ահելինն էլ:

«Այս տարածաշրջանի մասին ունեցած մեր պատկերացումները կամ սխալ են, կամ թերի: Ակնկալում ես մթագնած մի բան, իսկ այստեղ այնքան արև է, այնքան ջերմություն կա»: Անկեղծ խոստովանեցին, որ հանդիսականի կողմից նման ջերմ ընդունելություն չէին սպասում: Եթե անկեղծ` մեր հանդիսականից ազդված էր ոչ միայն UH-ը, մենք նույնպես:

Հետաքրքիր մի փաստ ևս, Jethro Tull-ի համերգի օրինակը ունենալով` համոզվում ենք, որ ընդամենը նման ռոք համերգով կարող ես ի մի բերել ինտելեկտուալ, ճաշակով մարդկանց հասարակության տարբեր շերտերից, որովհետև նման երաժշտություն նախընտրող, երբևէ նախընտրած մարդը չի կարող այլ կերպ լինել:

Այս համերգները Հայաստան բերեցին մի խումբ երկրպագուների Վրաստանից ու Պարսկաստանից, ու թեկուզև նախանձախնդիր` իրենց երկրում այս հաճույքը վայելելու հնարավորություն չունենալու պատճառով, նրանք էլ փաստում են, որ Հայաստանը տարածաշրջանում մեծ համբավ է ձեռք բերում լոկ այս երկու համերգներից հետո: Հայաստանի մասին վատ կարծիք ունեցող նույն հարևան վրացին պետք է, որ նույնքան ազդված լինի, որ ցանկանում է Հայաստան գալ նորից ու նորից: Չլինի՞ թե Հայաստանը վերադարձնում է այն անունը, ինչն ուներ նույն «վարագույրապատ սովետի» օրոք 80-ականներին. Հայաստան` ռոքի կենտրոն:

Հայաստանը աշխարհի ռոքին ինտեգրելու մեր քայլերն անում ենք համարձակ ու հապաղելու պատճառ ալևս չկա: Հաջորդը... շատ շուտով…

Այլ

Ирина АБРОЯН - Республика Армения
Ակնարկ երկրպագուից - Արթուր Աթայան
Հարցազրույցը` Հյուսնունց Շուշան
Ирина АБРОЯН - Республика Армения
Ирина АБРОЯН - Республика Армения
Աննա Գևորգյան - "Անկախ" շաբաթաթերթ
Էջեր՝ 1  |  2
ԴՈԳՄԱ՝ համերգ ԻնՌոք ակումբում
Երկար ընդմիջումից հետո Դոգման համերգով հանդես կգա InRock ակումբում(Իսահակjան 38 /Կասկադ)

Մայիսի 31-ին, 19:30

Տեղեկությունների և տեղեր պատվիրելու համար զանգահարել 094 38 13 40