Պատմություն

Ամեն ինչ սկսվեց 1970-ականների վերջին, երբ Վարդան Գրիգորյանը, ով հանդիսանում է «Վիբրոգրաֆուսի» (VGS)-ի հիմնադիրը, սկսեց իր գործունեությունը երաժշտության ասպարեզում: Որպես հեղինակ, բասիստ և դաշնակահար` երկար ժամանակ ներգրավված լինելով բազմաթիվ երաժշտական նախագծերում` 1994-ից մինչ 2007թ.-ը Վարդանը միացավ «MDP» խմբին, որը հայկական բացառիկ ռոք խումբ էր, և որտեղ նա հանդես եկավ ոչ միայն որպես բասիստ, այլև` երաժշտական պրոդյուսեր:
«Vibrographus» անվանումն առաջացել է 2000թ.-ին Վարդանի թողարկած նույնանուն ալբոմից: 2003թ.-ից ի վեր Վարդանը հանդիսանում է հանրածանոթ «Վիբրոգրաֆուս» ստուդիայի սեփականատերը: «Վիբրոգրաֆուս» ստուդիան ձայնագրել է երաժշտական տարբեր ժանրեր ներկայացնող բազմաթիվ հայկական երաժիշտների:

Ռոք երաժշտությունը զարգացնելուն ուղղված մի շարք արդյունավետ միջոցառումներ` համերգներ, փառատոններ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ իրականացնելուց հետո, hամագործակցությամբ Գագիկ Գյուլբուդաղյանի` «VGS»-ը նախաձեռնեց Հայաստանում աշխարհահռչակ երաժիշտների համերգների իրականացումը: Առաջին աննախադեպ և հաջողված համերգը աշխարհահռչակ «Jethro Tull» խմբի համերգն էր 2009թ.-ի մայիսին, որին հաջորդեցին այլ աշխարհահռչակ խմբեր «Uriah Heep»-ի, «John McLaughlin»-ի, «Deep Purple»-ի համերգները Երևանում:
Վարդանն իր գործունեության բարձրակետը համարում է «Դոգմա» խումբը` պրոգրեսիվ ֆոլկ մետալ խումբ` հիմնադրված իր իսկ կողմից 2008թ.-ին:


Առաքելություն

«ՎԻԲՐՈԳՐԱՖՈՒՍ»-ի կարևորագույն նպատակներից եղել և մնում է Հայաստանում երաժշտության բնագավառի զարգացումը, դրա համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, ինչի իրականացմանն են ուղղված նաև աշխարհահռչակ ու լեգենդար խմբերի համերգների կազմակերպումը Հայաստանում:

VGS-ը պրոֆեսիոնալներով համալրված խումբ է, որը ծանրակշիռ փորձ ունի երաժիշտներին, ինչպես նաև լսարանին ձայնային բարձրակարգ ծառայություններ մատուցելու գործում:

Ներկայումս VGS-ը տեղական շուկայի այն սակավ ընկերություններից է, որն ի զորու է բարձր մակարդակով բավարարել համերգներ կամ փառատոններ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պահանջները: VGS-ի առավելությունն այն է, որ սա ոչ թե սարքավորումներ ունեցող ևս մեկ ընկերություն է, այլ` ընկերություն, որն իր կազմում ունի բացառապես պրոֆեսիոնալ երաժիշտներ և ինժիներներ, որոնք հստակորեն հասկանում են, թե ձեզ ինչ է հարկավոր և ինչպես դա իրականացնել արդյունավետ կերպով:

VGS-ը հավատում է ձայնին և որ այն պետք է լինի հնարավորինս մաքուր և հզոր:

ԴՈԳՄԱ՝ համերգ ԻնՌոք ակումբում
Երկար ընդմիջումից հետո Դոգման համերգով հանդես կգա InRock ակումբում(Իսահակjան 38 /Կասկադ)

Մայիսի 31-ին, 19:30

Տեղեկությունների և տեղեր պատվիրելու համար զանգահարել 094 38 13 40